Welcome
Login

Վարչապետը տոնի առթիվ շնորհավորել է եւ այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Loading...

Thanks! Share it with your friends!

URL

You disliked this video. Thanks for the feedback!

Sorry, only registred users can create playlists.
URL


Added by ArmTV in Armenian TV A1plus News
5 Views

Description

Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում:

Վարչապետն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բնույթը և հավելել, որ այն հիմնված է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև մարդկային ամուր կապերի վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցել է ջերմ և արդյունավետ հանդիպում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել նաև, որ Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը ոչ միայն կնպաստի Ֆրանսիայի, այլ նաև ֆրանկոֆոն մյուս երկրների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:

Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանություն այցելելու և շնորհավորանքների համար: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և իրականացվող փոփոխությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Ֆրանսիայում, այդ թվում՝ ներդրողների շրջանում և գնալով ավելանում է այն ձեռնարկությունների թիվը, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր առկա է դրական մեծ էներգիա, որը մեծ ազդեցություն կունենա նաև հայ-ֆրանսիական կապերի և ներդրումների ներգրավման վրա:



***

Վարչապետ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցու­թյամբ:

Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանո­թա­նալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղա­քա­կան երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամար­տության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործըն­թացին:

Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայն­ված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաս­տան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբե­րություն­նե­րում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապե­րին։

Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Post your comment

Comments

Be the first to comment
RSS